top of page

2025 Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլը և պարգևատրման արարողությունը

  • Writer: SED Team
    SED Team
  • Aug 13
  • 3 min read

SED staff using AI
SED staff using AI

Համառոտ

2025թ. մայիսին տեղի ունեցավ SED-ի կողմից կազմակերպված Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլը և պարգևատրման արարողությունը։ Ավելի քան 70 տաղանդավոր աշակերտներ մասնակցեցին հանրապետական փուլին Հայաստանի ամերիկյան համալսարանում, որին հաջորդեց պարգևատրման արարողությունը՝ Հայաստանի Կենտրոնական բանկում։ Հանրապետական փուլի 16 հաղթող աշակերտներից 5-ը կներկայացնեն Հայաստանը Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայում ՝ Հունաստանում, օգոստոսին։


2025թ. մայիսի 20-ին Տնտեսական որոշումների դպրոցը (SED) Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպեց Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլը՝ միախմբելով լավագույն արդյունքներ ցուցաբերած ավելի քան 70 աշակերտների։ Դպրոցական փուլում 88% և ավելի բարձր արդյունք գրանցած մասնակիցները հնարավորություն ստացան մրցել օլիմպիադայի հանրապետական փուլում։



Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա՝ հանրապետական փուլ (2025)



Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլը կազմված էր երկու մասից։ Օլիմպիադայի առաջին մասը կազմված էր մեկ ժամ տևողությամբ բազմընտրանքային գրավոր թեստից, որի գլխավոր նպատակն էր ստուգել մասնակիցների տնտեսագիտական մտածողությունը, վերլուծական կարողություններն ու տնտեսագիտության հիմնական սկզբունքների իմացությունը։ Հարցերը ներառում էին մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ միկրոտնտեսագիտություն, մակրոտնտեսագիտություն, միջազգային առևտուր և տնտեսագիտության տեսություն։ Գրավոր թեստից լավագույն արդյունքներ գրանցած 16 մասնակիցները անցան հաջորդ շրջափուլ, որն իրենից ներկայացնում էր բանավոր հարցազրույց ժյուրիի անդամների հետ՝ կազմված ակադեմիական հեղինակավոր ներկայացուցիչներից և ֆինանսատնտեսական ոլորտի փորձագետներից և կառավարիչներից։


16 եզրափակիչ անցած մասնակիցները ճանաչվեցին հանրապետական փուլի հաղթողներ՝ տնտեսագիտության ոլորտում իրենց բացառիկ տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով։ Նրանք աչքի ընկան տեսական գիտելիքները իրական կյանքի իրավիճակներում կիրառելու բացառիկ կարողությամբ՝ բարձր վերլուծական և քննադատական մտածողությամբ։ Այս փուլին հասնելու համար նրանք հաղթահարել են բարդ տնտեսագիտական հարցեր և խորությամբ ուսումնասիրել ժամանակակից տնտեսական մարտահրավերները։



Ժյուրիի անդամները



Հանրապետական փուլում ժյուրիի անդամներն էին Հայաստանի առաջատար համալսարանների և պետական կառույցների ճանաչված մասնագետները։ Ժյուրիի կազմում էին՝ Սևագ Ագոպ (Հայաստանի ամերիկյան համալսարան), Ավագ Ավանեսյան (Ֆինանսների նախարարություն), Գուրգեն Ասլանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան), Եվա Բազինյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Վաչե Գաբրիելյան (Հայաստանի ամերիկյան համալսարան), Արամ Ղազարյան (Վարքագծային որոշումների կենտրոն), Մանե Հարությունյան (Հայաստանի Կենտրոնական բանկ), Կառլեն Խաչատրյան (Երևանի պետական համալսարան), Հայկ Սարգսյան (Հայաստանի Կենտրոնական բանկ) և Մարիամ Ոսկանյան (Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան)։


Ժյուրիի անդամները ցուցաբերեցին բազմազան մոտեցումներ՝ ապահովելով մասնակիցների տնտեսագիտական գիտելիքների ստուգումը։



Պարգևատրման արարողություն


Հանրապետական փուլի ավարտից հետո, 2025 թվականի մայիսի 26-ին, Երևանում՝ ՀՀ Կենտրոնական բանկում, տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը։


Հանրապետական փուլի 16 հաղթողները ստացան պատվոգրեր և մրցանակներ, որոնք անձամբ հանձնվեցին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի կողմից։ Այն դպրոցները, որոնք նշանակալի ներդրում էին ունեցել Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի առաջխաղացման գործում, արժանացան հատուկ գնահատանքի՝ տնտեսագիտական կրթության զարգացմանն ուղղված ջանքերի համար։


Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին օլիմպիադայի ընթացքի, ձեռքբերումների և իրենց ապագա տեսլականի մասին։ Ուսուցիչները և հանրապետական փուլի հաղթողները ևս կիսվեցին իրենց փորձառությամբ։ Ի վերջո, նախորդ տարիների հաղթողները ներկայացրեցին այն 5 աշակերտներին, ովքեր ներկայացնելու են Հայաստանը միջազգային փուլում, մասնակիցներին մաղթելով նորանոր հաջողություններ։ Արարողությունը եզրափակվեց խմբային նկարներով և Հայաստանի Կենտրոնական բանկի թանգարանի շրջայցով, որը մասնակիցներին ավելի խորը պատկերացում տվեց Հայաստանի տնտեսական և ֆինանսական պատմության մասին։



Դեպի միջազգային փուլ



2025 թվականի օգոստոսի 21–24-ը հանրապետական փուլի 5 հաղթողները հպարտությամբ կներկայացնեն Հայաստանը Տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը այս տարի տեղի կունենա Հունաստանի պատմական Օլիմպիա քաղաքում։ Այս հեղինակավոր միջոցառումը ոչ միայն մրցույթ է, այլ նաև բացառիկ հնարավորություն մասնակիցների համար ցուցադրելու իրենց վերլուծական ունակությունները և տնտեսագիտական խորաթափանցությունը համաշխարհային հարթակում։


Չորսօրյա միջոցառման ընթացքում հաղթողները կհամագործակցեն տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ունեն մեծ հետաքրքրություն տնտեսագիտության նկատմամբ։ Այս ինտենսիվ փորձառությունը նրանց թույլ կտա ոչ միայն ցույց տալ իրենց կարողությունները, այլ նաև ընդլայնել իրենց հորիզոնը աշխարհի երիտասարդ տնտեսագետների հետ միասին։


Օլիմպիադան ծառայելու է նաև յուրօրինակ հարթակ կապեր հաստատելու համար։ Մասնակիցներին հնարավորություն է տրվում ճանաչել երիտասարդ տնտեսագետների, ուսուցիչների և ոլորտի մասնագետների, ինչը կարող է բերել համագործակցության, մենթորության և ընկերության ձևավորմանը։ Օլիմպիա ճանապարհորդությունը ոչ միայն կխթանի նրանց անձնական զարգացմանը, այլև կնպաստի Հայաստանում տնտեսագիտական կրթության ընդլայնմանը՝ ձևավորելով նոր սերնդի մանսագետներ, ովքեր պատրաստ են հաղթահարել ապագա տնտեսական մարտահրավերներն ու դժվարությունները։

 
 
 

Comments


bottom of page