top of page

Դպրոցական նստարանից մինչև հանրային քաղաքականություն. «Տաթևացի քաղաքականության մշակման մրցույթ 2026»-ի հետնաբեմում

  • Writer: SED Team
    SED Team
  • 6 days ago
  • 3 min read


Համառոտ

«Տաթևացի քաղաքականության մշակման մրցույթ 2026»-ը համախմբեց Հայաստանի մարզերից 48 տաղանդավոր ավագ դպրոցի աշակերտների՝ նրանց հնարավորություն տալով աշխատել իրական հանրային քաղաքականության խնդիրների շուրջ։ Երեք ամիսների ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին առողջապահության, պետական պարտքի, հարկային քաղաքականության, գյուղատնտեսության և կլիմայական փոփոխությունների հետ կապված բարդ մարտահրավերներ՝ կիրառելով վերլուծական գործիքներ։ Ծրագրի եզրափակիչ փուլում նրանք իրենց քաղաքականության առաջարկները ներկայացրին և պաշտպանեցին ակադեմիական, պետական և միջազգային կառույցների առաջատար մասնագետներից կազմված ժյուրիի առջև։ Մրցույթը դարձավ վառ օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է դպրոցականների մոտ ձևավորել հանրային քաղաքականության, քննադատական մտածողության և առաջնորդության գործնական հմտություններ։



Դպրոցական նստարանից մինչև հանրային քաղաքականություն


Եթե պատահաբար հայտնվեիք մեր դահլիճում և լսեիք առողջապահության համընդհանուր ապահովագրության մոդելների, պետական պարտքի կայունության կամ գյուղատնտեսության սուբսիդավորման համակարգային ռիսկերի մասին սուր ու փաստարկված բանավեճերը, հավանաբար կկարծեիք, թե ներկա եք որևէ նախարարության կամ առաջատար ուղեղային կենտրոնի բարձր մակարդակի քննարկման:


Բայց ոչ․ ձեր առջև Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների 48 ամենապայծառ աշակերտներն էին: Մայիսի 29-ին կայացավ «Տաթևացի քաղաքականության մշակման մրցույթի» (ՏՔՄՄ) պիլոտային փուլի մեծ ու տպավորիչ եզրափակիչը։


Վարքագծային որոշումների կենտրոնի (CBD) կազմում գործող Տնտեսական որոշումների դպրոցի (SED) այս նախաձեռնությունը ստեղծվել է մեկ հստակ նպատակով՝ Հայաստանում ձևավորել տվյալահեն և ապացուցողական բազայի վրա հիմնված քաղաքականություն մշակողների նոր սերունդ՝ հենց այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատը կա՝ մեր մարզերում:


Ահա պատմությունն այն մասին, թե ինչպես եռամսյա ակադեմիական փորձարկումը սովորական աշակերտներին տրանսֆորմացրեց իրական հանրային քաղաքականության վերլուծաբանների:



Ինտենսիվ բութքեմփ. մագիստրոսական մակարդակի գործիքներ մարզային երիտասարդների համար


Երբ մարտ ամսին մեկնարկեց ծրագիրը, մենք կատարեցինք սկզբունքային ընտրություն. բոլոր 8 մասնակից դպրոցները պետք է լինեին Երևանից դուրս՝ ՀՀ մարզերից: Մենք ցանկանում էինք մարզային երիտասարդներին զինել այնպիսի գործիքներով, որոնք թույլ կտան նրանց վերլուծել, հարցադրումներ անել և ձևավորել հանրային քաղաքականություն:


Երեք ինտենսիվ ամիսների ընթացքում թիմերը չսահմանափակվեցին միայն տնտեսագիտական տեսությունների դասագրքային ընթերցմամբ: Նրանք անցան բարդ կրթական փուլ, որը ներառում էր գործիքներ, որոնց շատերը բախվում են միայն մագիստրատուրայում.


  • Հանրային քաղաքականության կառուցվածք. Պետական միջամտության մոդելների ուսումնասիրություն և քաղաքականության առաջարկի (Policy Proposal) ֆորմալ կառուցում:

  • Ապացուցողական վերլուծություն. Աշխատանք «Արմստատ»-ի բաց շտեմարանների հետ և այնպիսի մեթոդաբանությունների կիրառում, ինչպիսիք են՝ «Ծախս-օգուտ» (Cost-Benefit), Համեմատական և PESTEL վերլուծությունները:

  • Տվյալների Storytelling (Պատմության կառուցում). Բարդ մակրոտնտեսական բանաձևերը պարզ, մատչելի և ազդեցիկ հանրային խոսքի «թարգմանելու» արվեստը:

  • Ճգնաժամային հաղորդակցություն. Պատրաստվածություն՝ պրոֆեսիոնալ փորձագետների սուր հարցերին դիմակայելու և սեփական վարկածները պաշտպանելու համար:


Իրական մարտահրավերներ, հանրային հետաքրքրություն վայելող թեմաներ


Որպեսզի աշակերտների աշխատանքը չլինի զուտ տեսական, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համակարգված, թիմերին հանձնարարվեցին իրական և բարդ ազգային խնդիրներ, որոնց նրանք մոտեցան զարմանալի ակադեմիական խորությամբ: Հետազոտությունների թեմաներն ու աշխարհագրությունը բավականին բազմազան էին, ընդ որում՝ որոշ առանցքային ոլորտներ գտնվում էին միանգամից մի քանի թիմերի ուշադրության կենտրոնում:


Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին, պետական աջակցության արդյունավետությանը և սուբսիդավորմանը զուգահեռ անդրադարձել էին երկու թիմ՝ Տավուշի Նոյեմբերյանի վարժարանն ու Սյունիքի Շինուհայրի միջնակարգ դպրոցը: Նույնկերպ, առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրման ֆինանսական մոդելներն ու բյուջետային ռիսկերը խորությամբ վերլուծել էին ևս երկու կրթական հաստատություններ՝ Գեղարքունիքի Գավառի Ա. Թամամշյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջն ու Արմավիրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցը:


Մակրոտնտեսական այլ բարդ հարցերի շուրջ իրենց լուծումներն էին առաջարկել Շիրակի մարզի Գյումրու տնտեսագիտական վարժարանը՝ կենտրոնանալով պետական պարտքի անվտանգ սահմանաչափերի վրա, և Կոտայքի Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցը, որն իրականացրել էր համահարթ ու պրոգրեսիվ հարկային համակարգերի վերաբաշխման համեմատական վերլուծություն:


Իսկ Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի և Կոտայքի Զորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները համապատասխանաբար կենտրոնացել էին կլիմայի փոփոխության տնտեսական ազդեցության ու կայուն զարգացման ֆինանսավորման, ինչպես նաև համայնքների ապակենտրոնացման և մասնակցային բյուջետավորման ֆիսկալ ռիսկերի գնահատման վրա:



Ներկայացումներ ոլորտի առաջատար մասնագետների համար


Մեծ եզրափակչի ժամանակ թիմերը ոչ միայն ներկայացրեցին իրենց վերլուծական զեկույցները, այլև ստիպված եղան դրանք պաշտպանել մեր խստապահանջ ժյուրիի առջև.


  • Վաչե Գաբրիելյան – ՀԱՀ, Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

  • Գուրգեն Ասլանյան – ՀԱՀ, Տնտեսագիտության մագիստրոսական ծրագրի (MSE) ղեկավար

  • Արմինե Մանուկյան – Համաշխարհային բանկի (The World Bank) ավագ տնտեսագետ

  • Արշալույս Հարությունյան – ՀՀ ֆինանսների նախարարություն, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ


Պաշտպանության փուլն անցավ բարձր լարվածությամբ: Ժյուրիի անդամները տվեցին սուր ու անզիջում հարցեր, սակայն աշակերտներն իրենց դրսևորեցին զարմանալի ինքնավստահությամբ, տվյալների փայլուն տիրապետմամբ և ճկունությամբ՝ հիացնելով ներկաներին:



Եվ հաղթողներն են...


Թեև բոլոր թիմերի ներկայացրած նախագծերն ունեին բարձր որակ, ժյուրիի որոշմամբ առանձնացվեցին լավագույնները հետևյալ անվանակարգերում.

  • 1-ին պատվավոր հորիզոնական (Բացարձակ հաղթող). Նոյեմբերյանի վարժարան 

  • Ամենաստեղծարար լուծում. Զորավանի միջնակարգ դպրոց

  • Ամենաակադեմիական լուծում. Գյումրու տնտեսագիտական վարժարան

  • Ամենաիրատեսական լուծում. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

  • Ամենափաստարկված լուծում. Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց



Հայացք դեպի ապագա


«Երբ երիտասարդներին տալիս ես ճիշտ գործիքներ, պրոֆեսիոնալ մենթորություն և հարթակ, որտեղ նրանց վերաբերվում են որպես գործընկերների, նրանք ոչ միայն արդարացնում են սպասելիքները, այլև ամբողջությամբ փոխում են խաղի կանոնները»:


«Տաթևացի քաղաքականության մշակման մրցույթի» պիլոտային փուլը ցույց տվեց, որ Հայաստանում տվյալահեն մտածողությամբ ապագա առաջնորդների ներուժն անսահման է: Ծրագիրը մեծ հաջողություն գրանցեց, և մենք արդեն իսկ ստանում ենք բազմաթիվ հայտեր ու հետաքրքրվածություն այլ դպրոցներից, որոնք ցանկանում են միանալ հաջորդ փուլերին:


Հանրակրթական մակարդակում տնտեսագիտական գրագիտության և քաղաքականության նախագծման հմտությունների զարգացմամբ մենք ոչ միայն մրցույթ ենք անցկացնում, այլև քայլ առ քայլ կառուցում ենք մեր երկրի ապագա կառավարման ինտելեկտուալ հիմքերը:


Հետևե՛ք մեզ՝ նոր հորիզոնների մասին տեղեկանալու համար:


 
 
 

Comments


bottom of page