top of page

Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2026թ - Ինչպես գրանցվել Օլիմպիադային մասնակցելու համար

  • Writer: SED Team
    SED Team
  • Jan 15
  • 3 min read

SED staff using AI
SED staff using AI

Համառոտ

Այս տարի Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան կրկին միավորում է Հայաստանի դպրոցներին՝ խթանելու աշակերտների տնտեսական մտածողությունն ու վերլուծական հմտությունները։ Օլիմպիադային կարող են մասնակցել բոլոր դպրոցները, անկախ նրանից՝ ունեն տնտեսագիտության առարկա, թե ոչ։ Գրանցումը կատարվում է դպրոցի ներկայացուցիչի միջոցով, լրացնելով ձևանմուշը։



Դեպի Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2026թ



Շատերը մտածում են, որ տնտեսագիտությունը միայն թվեր է ու հաշվարկներ։ Սակայն այն սովորեցնում է մտածել՝ ինչպես հասկանալ պատճառահետևանքային կապերը, ինչու են մարդիկ որոշումներ կայացնում այս կամ այն ձևով, և ինչպես կարելի է գտնել առավել արդյունավետ լուծումներ։


Հենց այս մտածողության զարգացնումն է թիրախավորում Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան, որը նախատեսված է 10–12-րդ դասարանների աշակերտների համար և մաս է կազմում միջազգային տնտեսագիտական օլիմպիադային ավելի քան 30 երկրների մասնակցությամբ։



Ովքե՞ր կարող են մասնակցել



Օլիմպիադային կարող են մասնակցել բոլոր դպրոցները, նույնիսկ եթե դպրոցում տնտեսագիտությունը չի դասավանդվում որպես առանձին առարկա։ Հասարակագիտություն և մաթեմատիկա առարկաներից ստացած գիտելիքները բավարար կլինեն մասնակցության համար․ ամենակարևորը հետաքրքրությունն է և ցանկությունը՝ փորձելու ուժերը նոր ոլորտում։ Ավելին՝ յուրաքանչյուր 10-12 դասարանցի կարող է մասնակցել անկախ առաջադիմությունից։



Մի քանի փաստ օլիմպիադայի մասին



  • Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել տնտեսագիտական կրթությունը և ձևավորել աշակերտների մոտ կիրառական տնտեսական մտածողություն։


  • Յուրաքանչյուր դպրոցի մասնակցությունը ներառում է տարբեր 10-12 դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտներին․ որքան շատ է ներգրավվածությունը , այնքան ավելի նշանակալի է թե՛ դպրոցի ներդրումը, թե՛ աշակերտների փորձառությունը։


  • 2025-ին Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադային մասնակցել են ավելի քան 100 դպրոց Հայաստանի տարբեր մարզերից։ Այս տարի օլիմպիադան կրկին բաց է բոլորի համար՝ բարձրացնելու տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրությունը։


  • Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան անվճար է բոլոր աշակերտների և դպրոցների համար։



Ինչպե՞ս գրանցվել



Գրանցումը կատարվում է միայն դպրոցների կողմից, ոչ թե անհատ աշակերտների։ Գրանցվել կարող են բոլոր կրթական հաստատությունները, որոնք ունեն 10-12-րդ դասարաններ կամ այդ տարիքային խմբին համապատասխանող ուսանողներ։ Դպրոցի ներկայացուցիչը՝ ուսուցիչը լրացնում է ձևանմուշը դպրոցի անունից և գրանցում դպրոցը Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադային։


Գրանցման համար անցնել այս հղումով՝ https://forms.gle/44P5PNakqdGJ8TMm6



Օլիմպիադայի փուլերը



  1. Դպրոցական փուլ (առցանց) - Կազմակերպվում է ձեր դպրոցում՝ ձեր ընտրած օրը սահմանված ժամանակահատվածում։ Թեստը հասանելի է հայերեն և անգլերեն տարբերակներով։


  2. Հանրապետական փուլ - Լավագույն արդյունքներով աշակերտները անցնում են հանրապետական փուլ, յուրաքանչյուր դպրոցից ոչ ավել քան 5 աշակերտ։ Հանրապետական փուլը ներառում է գրավոր և բանավոր մասեր։ Փուլի ավարտին, անկախ մասնակցության լեզվի ընտրությունից, հաղթողներ են ճանաչվում 15 լավագույն աշակերտները, որոնք պարգևատրվում են պարգևատրման միջոցառման ընթացքում՝ մայիս ամսին։


  3. Միջազգային փուլ - Լավագույն 5 մասնակիցները, ովքեր անցել են հանրապետական փուլը անգլերեն լեզվով ստանում են հնարավորություն մասնակցել միջազգային փուլին և ներկայացնել Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում։



Ինչու՞ մասնակցել



Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան հնարավորություն է տալիս դպրոցներին ՝


  • Միանալու միջազգային կրթական նախաձեռնությանը,

  • Խթանելու ուսանողների հետաքրքրությունը տնտեսագիտության նկատմամբ,

  • Դառնալու Դեսպան դպրոց, բարձրացնելու դպրոցի հեղինակությունը և ընդլայնելու մասնագիտական կապերը։


Աշակերտների համար այն հնարավորություն է՝


  • Զարգացնել քննադատական ու վերլուծական մտածողությունը,

  • Ձեռք բերել փորձ հետագա ուսման և կարիերայի համար,

  • Հանդիպել համախոհների ու նոր ընկերների,

  • Ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։



Նախաձեռնություններ



«Ամենաակտիվ դպրոց» ծրագիր.


Յուրաքանչյուր մարզից կընտրվեն երեք ամենաակտիվ դպրոցները, որոնք կունենան աշակերտների մասնակցության ամենաբարձր ցուցանիշները։ Ընտրված դպրոցները կընդգրկվեն «Ամենաակտիվ դպրոց» անվանակարգում և կպարգևատրվեն՝ պարգևատրման միջոցառման ընթացքում՝ մայիս ամսին։ Այս անվանակարգում կընդգրկվեն միայն այն դպրոցները, որոնք կապահովեն առնվազն 40 աշակերտի մասնակցություն։


Դեսպան Դպրոցներ.


Շարունակվում է Դեսպան Դպրոց ծրագիրը։ Այն դպրոցները, որոնք կներկայացնեն առնվազն 50 աշակերտ և կխթանեն տնտեսագիտական կրթությունը իրենց դպրոցում և համայնքում, կստանան «Դեսպան Դպրոց» կոչումը՝ պատվոգրով, պարգևատրման միջոցառման ժամանակ։

Բոլոր դպրոցները կարող են դիմել այս ծրագրին միանալու համար մեր կայքում՝ https://www.sed.am/partnership



Միացե՛ք մեզ


Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան հիանալի հնարավորություն է դպրոցների համար՝ ստեղծելու տնտեսական մտածողություն ունեցող սերունդ, միաժամանակ դառնալով կրթական նորարարության մաս։


 
 
 

Comments


bottom of page