top of page

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինչպիսի՞ ռազմավարություն է համապատասխանում Ձեր ընկերությանը

  • Writer: SED Team
    SED Team
  • Sep 2
  • 5 min read

SED staff using AI
SED staff using AI

Համառոտ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) վաղուց արդեն պարզապես բարեգործություն չէ․ այն դարձել է բիզնեսի ռազմավարության, մշակույթի և հեղինակության հիմնական մասը։ Ընկերությունները կարող են ընտրել տարբեր ուղղություններ՝ լինի դա էթիկական կամ ալտրուիստական մոտեցում, ստրատեգիական, բնապահպանական կամ համայնքային մոդել․ ամեն ինչ կախված է իրենց արժեքներից և հնարավորություններից։ Ճիշտ ընտրությունը ոչ միայն վստահություն է ստեղծում և իրական արդյունք բերում, այլ նաև օգնում է համադրել շահույթը ավելի մեծ նպատակների հետ։ SED-ում մենք կոչ ենք անում ընկերություններին աջակցել Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադային, որպեսզի միասին կրթենք երիտասարդներին և ստեղծենք ֆինանսապես գրագետ համայնք։


Ժամանակակից փոխկապակցված աշխարհում բիզնեսի դերն ավելի լայն է քան պարզապես շահույթի հետապնդումը։ Բիզնեսի շահառուները, լինեն դրանք սպառողներ, աշխատակիցներ, ներդրողներ, թե գործընկերներ, ավելի ու ավելի են հետաքրքրվում ոչ միայն նրանով, թե ինչքան գումար է վաստակում ընկերությունը, այլև նրանով, թե ինչպես է վաստակում այն։


Ահա, այստեղ է, որ ընկերությունները սկսում եմ մտածել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ռազմավարական մոտեցում է, որտեղ բիզնեսները ակտիվորեն պատասխանատվություն են կրում հասարակության և շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցության համար։ 


Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը դարձել է բիզնեսի բրենդի ինքնության, կորպորատիվ մշակույթի և ռազմավարական հաղորդակցության անբաժանելի մասը։ ԿՍՊ-ն ոչ միայն խոսում է ընկերության բարի կամքի մասին, այլև ուժեղացնում է վստահությունը և հավատարմությունը կազմաերպության հանդեպ ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում:


Փոքր ստարտափներից մինչև միջազգային կորպորացիաները կանգնած են այն երկընտրանքի առաջ, թե կորպորատիվ սոցիալական պատասխանատվության որ մոդելն է համապատասխանում իրենց ընկերության տեսլականին և նպատակներին։ Այս հոդվածում կանդրադառնանք ԿՍՊ առանցքային մոդելներին և կփորձենք օգնել Ձեզ գտնել Ձեր ընկերությանն ամենահամապատասխանը։



1․ Էթիկական ԿՍՊ մոդել - կուռ արժեհամակարգ ունեցող ընկերությունների համար



Էթիկական ԿՍՊ-ի հիմքում արժեքներն ու սկզբունքներն են, այլ ոչ մարկեթինգային նպատակները։ Այս մոդելը որդեգրած կազմակերպությունների որոշումների հիմքում արդարությունը, ազնվությունը և հարգանքն է բոլոր շահագրգիռ կողմերի նկատմամբ, եթե անգամ այդ որոշումը հանգեցնում է կարճաժամկետ կորուստների։ Սա կարող է նշանակել համագործակցությունից հրաժարում այն մատակարարների հետ, ովքեր խախտում են աշխատանքային իրավունքները, կամ խիստ հակակոռուպցիոն քաղաքականության կիրակումը խնդրահարույց շուկաներում։


Նման պատասխանատվության հանձնառումը նշանակում է ոչ միայն լավ PR այլև ավելի մեծ վստահություն հաճախորդների կողմից, կամ դիտարկում որպես վսահելի գործընկեր միջազգային կազմակերպությունների և շուկան կարգավորող տեղական ինստիտուտների կողմից: Էթիկական ԿՍՊ-ն լավագույնս է գործում, երբ ընկերության ղեկավարությունը հանձնառու է թափանցիկությանը և պատրաստ է հրապարակայնորեն պաշտպանել իր արժեքները, եթե անգամ բախվում է ճնշումների և կորուստների։ 


Այս մոդելը լավագույնս համապատասխանում է ֆինանսական, առողջապահական, կրթական և այն ոլորտներին, որտեղ վստահությունն ու հեղինակությունը գերակա են։



2․ Ալտրուիստական ԿՍՊ մոդել - անշահախնդիր օգնել ցանկացող ընկերությունների համար



Ալտրուիստական ԿՍՊ մոդելը բարեգործություն է ամենամաքուր ձևով, երբ ընկերությունները նվիրաբերում են ոչ թե բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու կամ հարկերից խուսափելու համար, այլ քանի որ դա ճիշտ քայլ է տվյալ իրավիճակում։ Օրինակ, երբ բիզնեսն օգնում է աղետից տուժած բնակավայրերի վերականգնանը, եթե անգամ այն չունի ներկայություն տվյալ երկրում կամ շրջանում։


Այս մոդելն առավել արդյունավետ է, երբ ընկերությունն արդեն իսկ ունի ֆինանսական կայունություն և աշխատակիցների, ղեկավարության ու շահառուների համար կարևոր հանդիսացող ոլորտներին նվիրաբերելու համար հատկացված բյուջե։


Այս պարագայում նվիրատվությունները կախված չեն բիզնես շահերի հետ, հետևաբար չի չափվում նաև ներդրումների վերադարձը, բայց այն միանշնակ նպաստում է բարի կամքի ամրապնդմանը և շահառուների հետ փոխգործակցային հարաբերությունների խորացմանը։ Որոշ դեպքերում, ալտրուիստական ԿՍՊ-ն ժամանակի ընթացքում կարող է տրանսֆորմացվել ավելի ռազմավարական մոդելի։


Այս մոդելը լավագույնս համապատասխանում է կայացած և եկամտաբեր բիզնեսներին, ովքեր ունեն համայնքին օգտակար լինելու մշակույթ (giving back to community)։



3․ Ստրատեգիական ԿՍՊ մոդել - ազդեցությունը և բիզնես նպատակները համատեղող ընկերությունների համար



Ռազմավարական ԿՍՊ-ն ինտեգրում է սոցիալական ազդեցությունը բիզնես մոդելի մեջ, փորձելով համատեղել բիզնես շահերը հասարակական բարիքի հետ։ Այս մոտեցումը գործարկող կազմակերպությունները ԿՍՊ-ն համապատասխանեցնում են երկարաժամկետ նպատակներին, ինչպիսիք են նոր շուկաների բացումը, որակավորված մասնագետների ներգրավումը կամ հաճախորդների հավատարմության խորացումը։


Օրինակ՝ շատ են դեպքերը, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունները իրականացնում են ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ գյուղական բնակավայրերում՝ նպատակ ունենալով ապագայում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ։


Մեկ այլ օրինակ են ֆինանսական կառույցները, ովքեր անվճար ֆինանսական գրագիտության սեմինարներ առաջարկելով ոչ միայն օգնում է համայնքին, այլև կրթում են ապագա հաճախորդներ, ովքեր հասկանում և վստահում են իրենց արտադրանքին կամ ծառայություններին։ Սա ԿՍՊ է՝ չափելի բիզնես արդյունքներով, որն ավելի դյուրին է դարձնում կազմակերպության բաժնետերերի կողմից համաձայնության ապահովումը ծրագրերի իրականացման գործում։


Այս մոդելը ներդաշնակ կլինի այն ընկերությունների համար, որոնք ձգտում են չափելի սոցիալական ազդեցության՝ մեկտեղելով այն իրենց մրցակացային առավելությունների հետ:



4. Բնապահպանական ԿՍՊ մոդել - կայուն զարգացումը խթանող կազմակերպությունների համար



Բնապահպանական ԿՍՊ-ն նպատակաուղղված է նվազեցնելու շրջակա միջավայրի վրա բիզնեսի վատ ազդեցությունը և խթանելու կայուն զարգացումը: Մի շարք ընկերություններ շեշտը դնում են էֆեկտիվության բարձրացման վրա՝ անցում կատարելով վերականգնվող էլեկտրաէներգիային, օպտիմիզացնելով լոգիստիկան կամ օգտվելով շրջանաձև տնտեսության ընձեռած հնարավորություններից։


Մյուսներն անդրադառնում են այս մոդելի նորարարական ասպեկտին՝ փորձելով ստեղծել <<կանաչ>> ապրանքներ և ծառայություններ, որոնք կօգնեն նաև այլ ընկերություններին դառնալ ավելի կայուն/ sustainable. Օրինակ՝ հյուրանոցային ցանցերը կարող են հրաժարվել մեկանգամյա օգտագործման պլաստիկից, իսկ սնունդը գնել տեղական արտադրողներից՝ միևնուն ժամանակ նվազեցնելով արտանետումները։


Հաշվի առնելով կլիմայի փոփոխության հիմնահարցի հրատապությունը, բնապահպանական ԿՍՊ-ն կարող է զգալիորեն բարձրացնել ընկերության հեղինակությունը և հաճախորդների հավատարմությունը, հատկապես շրջակա միջավայրի նկատմամբ գիտակից սպառողների շրջանում:


ԿՍՊ այս մոդելին հավատարմությունը հատկապես ողջունելի կլինի շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողնող ոլորտներում աշխատող կազմակերպությունների համար, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, լեռնարդյունաբերությունը և այլն։



5. Համայնքներում ինտեգրված ԿՍՊ մոդել - մտածիր լոկալ, գործիր լոկալ



Ինչպես անունը հուշում է, Համայնքներում ինտեգրված ԿՍՊ մդելը նպատակ ունի ինտեգրել բիզնեսը համայնքի սոցիալ-տնտեսական կյանքին։


Կարճաժամկետ նվիրատվությունների փոխարեն այս մոդելով գործող ընկերությունները ստեղծում են երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ համայնքային դերակատարների հետ՝ աջակցելով տեղական մատակարարներին, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ կամ ապահովելով մասնագիտական ​​ուսուցում համայնքի բնակիչների համար:


Այս մոդելի գործարկումը ոչ միայն բարի կամքի դրսևորում է, այլև կարող է ամրապնդել ձեր ընկերության տեղական մատակարարման շղթան և բարձրացնել հեղինակությունը: Միևնույն ժամանակ ճգնաժամերի պայմաններում հասարակությունը և ՏԻՄ մարմինները ավելի հակված կլինեն ցուցաբերել աջակցություն համայնքի կյանքում մեծ դեր ունեցող ընկերությանը։


Այս մոդելը կարող է իդեալական լինել որոշակի տարածաշրջանում հումք վերամշակող ընկերությունների, զբոսաշրջային օբյեկտների և գործարանների համար։



Ինչպե՞ս ընտրել Ձեր ընկերության ԿՍՊ մոդելը



ԿՍՊ ճիշտ մոդելի ընտրությունը կախված է երեք գործոններից՝


  • Ձեր ընկերության առաքելությունն ու արժեքները - Ի՞նչն է ամենակարևորը ձեր ընկերության ղեկավարության, աշխատակիցների և հաճախորդների համար։

  • Ձեր գործունեության ոլորտը - Որտե՞ղ կարող է ձեր բիզնեսը ամենամեծ դրական փոփոխությունը բերել։

  • Ձեր ռեսուրսներն ու կարողությունները - Սկսեք այնպիսի նախաձեռնություններից, որոնք կարող եք պահպանել և ընդլայնել ժամանակի ընթացքում։


Հաջողակ ԿՍՊ ռազմավարությունը իրական է, հետևողական և չափելի։ Ավելի լավ է սկսել մեկ նախաձեռնությունից, որը կարող եք զարգացնե ժամանակի ընթացքում, քան սահմանափակ ռեսուրսները բաշխել Ձեր տեսլականի հետ չառնչվող նախագծերի միջև։



Ձեր ԿՍՊ ուղին կարող է սկսվել այսօր



Տնտեսական որոշումների դպրոցում (SED) մենք հավատում ենք, որ բիզնեսները դրական փոփոխությունների հզոր շարժիչ ուժեր են: Աջակցելով Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի նման նախաձեռնություններին, դուք կարող եք օգնել երիտասարդներին զինվել տնտեսագիտական գիտելիքներով, քննադատական մտածողությամբ և իհարկե՛ նոր գաղափարներ ի հայտ բերելու և առաջ մղելու կարողությամբ։


Եթե նոր եք ձևավորում Ձեր ընկերության ԿՍՊ ռազմավարությունը, կամ փորձում եք հարստցնել արդեն իսկ առկա պորտֆոլիոն, SED-ի հետ համագործակցությունը հայ հասարակության վրա երկարաժամկետ դրական ազդեցություն թողնելու լավագույն միջոցն է, որը կարող եք սկսել հենց այսօր։


Կապվե՛ք մեզ հետ partner@sed.am էլ․ հասցեով՝ համատեղ քննարկելու, թե ինչպես կարող են ձեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակները համատեղվել Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացման և ֆինանսատնտեսագիտական գիտելիքների հարստացման նպատակների հետ։


 
 
 

Comments


bottom of page