top of page

Շինուհայրից մինչև Օլիմպիա՝ հետաքրքրասիրության, կարգապահության և հնարավորությունների պատմություն

  • Writer: SED Team
    SED Team
  • 3 days ago
  • 3 min read

SED staff using AI
SED staff using AI

Համառոտ

Սա Մերի Հայրապետյանի պատմությունն է՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտուհու, որը դարձավ այն եզակիներից մեկը, ով 2025 թվականին ներկայացրեց Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում։ Ինքնուրույն սովորելով ու ստեղծելով սեփական ուսումնառության ուղին՝ Մերին իր օրինակով ցույց է տալիս հետաքրքրասիրության, կարգապահության և նպատակասլացության ուժը։ Նրա պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթական հաջողությունը սահմաններ չի ճանաչում, և որ մարդկային ներուժը չի սահմանափակվում աշխարհագրությամբ կամ բնակավայրով։


2025 թվականի օգոստոսին Հայաստանը մասնակցեց Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային, որը տեղի ունեցավ Հունաստանի Օլիմպիա քաղաքում։ Ֆինալիստների շարքում էր նաև Մերին՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտուհին՝ Սյունիքի Շինուհայր գյուղից։ Նրա ճանապարհը դեպի միջազգային հարթակ ոչ միայն անհատական հաջողություն է, այլ նաև վառ օրինակ, թե ինչ հաջողությունների կարող է հասնել երիտասարդը, երբ հետաքրքրասիրությունը միավորվում է կարգապահության, հետևողականության և համառության հետ այն միջավայրերում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են։


Սա պատմություն է մի կրթության մասին, որը շարժվում է նախաձեռնությամբ, մի հնարավորության մասին, որը չի սահմանափակվում աշխարհագրությամբ և այն հզոր ներուժի մասին, որը կա Հայաստանի յուրաքանչյուր դպրոցում:



Դպրոցից դուրս


Մերիի համար տնտեսագիտությունը պարզապետ դպրոցում դասավանդվող առարկա չէր։ Այն այնպիսի հետաքրքրություն էր, որն էլ ավելի ընդգծվեց, երբ մասնակցեց Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադային։


Օլիմպիադան Մերիին ցույց տվեց, թե որքան մոտ է տնտեսագիտությունը մեր առօրյա կյանքին․ ընտանեկան որոշումներից մինչև համայնքի զարգացում և երկրի տնտեսական քաղաքականություն։



«Տնտեսագիտությունը բացատրում է, թե ինչպես են մարդիկ որոշումներ ընդունում։ Ոչ միայն կառավարություններում, այլ նաև ընտանիքում և ամենօրյա իրավիճակներում», — պատմում է Մերին։

Այս գիտակցումը դարձավ ավելի խորը ակադեմիական որոնումների հիմքը։



Ուսումնառության ուղին


Հանրապետական և միջազգային օլիմպիադաներին առանց պաշտոնական դասընթացների պատրաստվելը նշանակում էր, որ Մերին պետք է ինքնուրույն կառուցեր իր սովորելու ճանապարհը։ Նա կազմեց իր սեփական օրակարգը՝ ներառելով տարբեր աղբյուրներ ու մեթոդներ։


Սկզբում նա ընտրեց «Տնտեսակետ» գիրքը՝ հիմնական հասկացությունները ձևավորելու համար, ապա անցավ Ն. Գրեգորի Մենքյուի «Principles of Economics» դասագրքին, որը դարձավ նրա գլխավոր ուղեցույցը միկրո և մակրո տնտեսագիտության մեջ։ Ուսուցումը համալրեց Khan Academy–ի և այլ օնլայն դասախոսություններով՝ խորացնելու և ամրապնդելու իր գիտելիքները։


Երբ հանդիպում էր բարդ թեմաների, նա սկսեց փնտրել լրացուցիչ հոդվածներ, տեսահոլովակներ և օնլայն ֆորումներ։



«Վերջին ամսում աշխատեցի մի օնլայն մենթորի հետ, ով օգնում էր հասկանալ ավելի բարդ հասկացությունները։ Արդյունքում ես դարձա ավելի վստահ իսկ պատրաստվածությունս համակարգված», — պատմում է Մերին։

Նրա մոտեցումը արտացոլում է մի առանցքային հմտություն՝ թե՛ ակադեմիական միջավայրում, թե՛ կյանքում․ կարողանալ հասկանալ, թե երբ է օգնություն պետք, և արագ գտնել այն։



Խոչընդոտների հաղթահարում


Առանձին ուսումնական ծրագիր կամ դասարանային կառուցվածք չունենալը հաճախ դարձնում էր մոտիվացիան՝ ամենաբարդ մարտահրավերը։



«Կային պահեր, երբ հետևողական լինելը դժվար էր։ Բայց ես ինձ միշտ հիշեցնում էի, թե ինչու եմ սկսել», — ասում է Մերին։

Նրա նպատակը պարզ էր․ իրեն փորձել, ներկայացնել իր համայնքը և ցույց տալ, որ գյուղական տարածաշրջանների աշակերտները նույնպես կարող են հասնել ամենաբարձր արդյունքների։ Այդ նպատակը դարձավ այն հիմքը, որը պահեց նրա կարգապահությունն ու հետևողականությունը։



Մրցակցություն միջազգային հարթակում


Միջազգային տնտեսագիտական օլիմպիադան աշակերտներին փորձում է երեք ուղղություններով․ տեսական գիտելիքներ, տվյալների վերլուծություն և բիզնեսի գործնական խնդիրների լուծում։


Մերիի համար ամենամեծ կենտրոնացումը պահանջում էր տվյալների վերլուծությունը․ գծապատկերների և վիճակագրական տվյալների ճիշտ մեկնաբանումը սահմանափակ ժամանակահատվածում։


«Այդ փուլը ստիպեց ինձ ավելի վերլուծական մտածել և արագ արձագանքել։ Բարդ էր, բայց հենց այդ ամենի շնորհիվ ուժեղացրեցի խնդիրների լուծման իմ ունակությունները», — պատմում է Մերին։

Մերիի հաջողության մեջ մեծ դեր ունեին թե՛ նրա ուժեղ մաթեմատիկական կարողությունները և թե՛ նրա կազմած ուսումնական գրաֆիկը։



Հաջողության արդյունքը


Մերիի հաջողությունը նշանակալից է ոչ թե այն պատճառով, որ այն բացառիկ է, այլ որովհետև այն հնարավոր է։ Նրա ուղին ցույց է տալիս, որ՝


  • Տաղանդը կա յուրաքանչյուր դպրոցում:

  • Հետաքրքրասիրությունը հզոր շարժիչ ուժ է ուսուցման համար:

  • Գիտելիքի հասանելիությունը կարելի է ստեղծել այն իրավիճակներում, երբ ռեսուրսները սահմանափակ են:


Մերիի պատմությունը միաժամանակ ընդգծում է Տնտեսական որոշումների դպրոցի և Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի առաքելությունը․

տարածել տնտեսագիտական կրթությունը ողջ Հայաստանի մասշտաբով, զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունն ու իրական աշխարհի ըմբռնումը, և ապահովել այնպիսի պայմաններ, որը կախված չէ բնակավայրից։



Դեպի նոր նվաճումներ


Մերիի ճանապարհը դեռ շարունակվում է, բայց նրա օրինակն արդեն իսկ ոգեշնչում է իր դպրոցի և այլ համայնքների աշակերտներին։


Այն ամրապնդում է մի գաղափար, որը Տնտեսական որոշումների դպրոցում մենք խորապես կարևորում ենք․ Տնտեսագիտությունը պարզապես առարկա չէ — այն մտածելու ձև է աշխարհի մասին և այդ մտածողությունն իր տեղն ունի յուրաքանչյուր դասարանում։



 
 
 

Comments


bottom of page