top of page

Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2026․ Հանրապետական փուլի ամփոփում

  • Writer: SED Team
    SED Team
  • May 4
  • 3 min read


Ամփոփում

Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցեցին ավելի քան 2,000 աշակերտներ, Հայաստանի շուրջ 100 դպրոցներից։ Նրանցից 116-ը անցան հանրապետական փուլ, որը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում ապրիլի 18-ին։ Գրավոր քննության և բանավոր հարցազրույցի արդյունքում ընտրվեցին 14 հաղթողները։ Այն մասնակիցները, ովքեր օլիմպիադային մասնակցել են անգլերեն լեզվով, կդիտարկվեն Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում Հայաստանը ներկայացնելու համար, որոնց անունները կհայտարարվեն պարգևատրման ընթացքում։



Դպրոցական փուլից դեպի հանրապետական փուլ


Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի ճանապարհը դեպի հանրապետական փուլ սկսվեց դպրոցական փուլից, որն այս տարի առանձնացավ մասնակցության զգալի աճով։ Եթե նախորդ տարի օլիմպիադային մասնակցել էր շուրջ 1,100 աշակերտ, ապա այս տարի մասնակիցների թիվը գերազանցեց 2,000-ը՝ ընդգրկելով Հայաստանի շուրջ 100 դպրոց։ Սա վկայում է տնտեսագիտության նկատմամբ աճող հետաքրքրության մասին ավագ դպրոցի աշակերտների շրջանում։


Մրցակցությունն այս տարի հատկապես բարձր էր․ անցողիկ շեմը սահմանվել էր 96%, ինչի արդյունքում հանրապետական փուլ անցնելը չափազանց բարդ էր։ Արդյունքում, շեմը հաղթահարած 116 աշակերտներ անցան հանրապետական փուլ։


Մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզեր և համայնքներ․ շուրջ 30%-ը՝ Երևանից, իսկ մնացած 70%-ը՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է օլիմպիադայի համահայաստանյան ընդգրկվածությունը։




Հանրապետական փուլ


Ապրիլի 18-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլը, որը կազմակերպվել էր Վարքագծային որոշումների կենտրոնի կողմից՝ Տնտեսական որոշումների դպրոցի շրջանակում։


Հանրապետական փուլը համախմբեց դպրոցական փուլը հաջողությամբ հաղթահարած աշակերտներին։



Մրցույթի ձևաչափը


Հանրապետական փուլը կազմված էր երկու փուլերից՝ նպատակ ունենալով գնահատել մասնակիցների տնտեսագիտական գիտելիքները, տրամաբանությունը և ստեղծարար միտքը։


Գրավոր փուլ (50 րոպե)

50 րոպե տևողությամբ գրավոր քննությունը նախատեսված  էր մասնակիցների տնտեսագիտական գիտելիքները, վերլուծական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները ստուգելու համար։


Աշակերտները հնարավորություն ունեին քննությունը հանձնել հայերեն կամ անգլերեն լեզուներով։ Այն մասնակիցները, ովքեր ընտրել էին անգլերեն տարբերակը, հնարավորություն ունեին դիտարկվելու միջազգային փուլին մասնակցելու համար, քանի որ Միջազգային տնտեսագիտական օլիմպիադան անցկացվում է բացառապես անգլերեն լեզվով։


Բանավոր փուլ

Գրավոր փուլի արդյունքների հիման վրա լավագույն արդյունքներ գրանցած 15 մասնակիցները անցան բանավոր փուլ։ Այս փուլում գնահատվում էին մասնակիցների գիտելիքների խորությունը, տրամաբանությունը և ստեղծարար մտածողությունը։


Բանավոր փուլից հետո ձևավորվեցին օլիմպիադայի վերջնական արդյունքները։


Հաղթողներ և միջազգային փուլ


Հանրապետական փուլից հետո Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2026-ի հաղթող ճանաչվեցին 14 աշակերտներ։


Այս խմբից այն մասնակիցները, ովքեր օլիմպիադային մասնակցել են անգլերեն լեզվով, կդիտարկվեն Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում ներկայացնելու համար, որը տեղի կունենա օգոստոսի 10-14-ը Հունաստանի Օլիմպիա բնակավայրում: Միջազգային փուլի մասնակիցների անունները կհայտարարվեն պարգևատրման արարողության ընթացքում։


Միջազգային փուլը համախմբում է ավելի քան 30 երկրների աշակերտների՝ ստեղծելով հնարավորություն մրցելու միջազգային մակարդակում և շփվելու տարբեր կրթական միջավայրեր ներկայացնող մասնակիցների հետ։



Ժյուրիի կազմը


Օլիմպիադայի գնահատման գործընթացն իրականացվել է փորձառու մասնագետներից և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից՝ ապահովելով բարձր մասնագիտական և արդար գնահատում։ Ժյուրիի կազմում էին՝


  • Վաչե Գաբրիելյան (ՀԱՀ)

  • Գուրգեն Ասլանյան (ՀԱՀ)

  • Գայանե Բարսեղյան (ՀԱՀ)

  • Ալեքսանդր Շիրխանյան (ՀՀ կենտրոնական բանկ)

  • Ավագ Ավանեսյան (ՀՀ ֆինանսների նախարարություն)

  • Արշալույս Հարությունյան (ՀՀ ֆինանսների նախարարություն)

  • Եվգենյա Բազինյան (ՀՊՏՀ)

  • Կարինե Ավետիսյան (ԵՊՀ)


Ժյուրիի մասնագիտական փորձը նպաստեց ոչ միայն մասնակիցների գիտելիքների բազմակողմանի գնահատմանը, այլև օլիմպիադայի բարձր ակադեմիական մակարդակի ապահովմանը։



Գործընկերներ և համագործակցող հաստատություններ 


Օլիմպիադան իրականացվել է մի շարք կարևոր գործընկերների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Տնտեսական հիմնարարաների նախաձեռնության և Տնտեսագիտական օլիմպիադայի հետ։


Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր մյուս գործընկերներին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որոնց աջակցությունը կարևոր դեր ունի տնտեսագիտական կրթության զարգացման և տարածման գործում։



Դեսպան դպրոցներ և ակտիվ մասնակցություն


Օլիմպիադայի կարևոր բաղադրիչներից է դպրոցների ներգրավվածությունը հատուկ ճանաչման ծրագրերի միջոցով։


«Դեսպան դպրոց» ծրագիրը առանձնացնում է այն դպրոցներին, որոնք ակտիվորեն խթանում են տնտեսագիտական կրթությունը իրենց համայնքներում և ապահովում աշակերտների բարձր մասնակցություն օլիմպիադային։ Այս դպրոցները կարևոր դեր ունեն օլիմպիադայի ազդեցության և հասանելիության ընդլայնման գործում։


Միաժամանակ, «Ամենաակտիվ դպրոց» նախաձեռնությունը գնահատում է այն կրթական հաստատություններին, որոնք ունեցել են աշակերտների մեծ ներգրավվածություն և ակտիվություն։ Այս ծրագրերը նպաստում են նրան, որ օլիմպիադան մրցույթ լինելուց բացի նաև լինի բաց հարթակ՝ սովորելու, փորձելու և զարգանալու համար։




Միջազգային փուլին ընդառաջ


Օլիմպիադայի միջազգային փուլին ընդառաջ՝ մենք հպարտ ենք աջակցել այն աշակերտներին, ովքեր կներկայացնեն Հայաստանը Հունաստանում։ Նրանց ճանապարհը արտացոլում է ոչ միայն անհատական ձեռքբերումներն ու նվաճումները, այլև տնտեսագիտական կրթության զարգացման նկատմամբ շարունակական նվիրվածությունը Հայաստանում։


Սիրով սպասում ենք միջազգային փուլին և վստահ ենք, որ Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան շարունակելու է ընդլայնել իր ազդեցությունն ու նպաստել երիտասարդների կրթական զարգացմանը առաջիկա տարիներին։


 
 
 

Comments


bottom of page